Ջիբրալթար ժամանելուց անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է թեթև մարզում Ջիբրալթարի «Վիկտորիա» մարզադաշտում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Մարզմանը մասնակցել են հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները:

«Վիկտորիան» համեմատաբար մեծ միակ մարզադաշտն է Ջիբրալթարում և գտնվում է օդանավակայանին այնքան մոտ, որ ամբողջ մարզման ընթացքում լսելի էին ինքնաթիռների թռիչքների և վայրէջքների հետևանքով առաջացող ձայները:

Ավելին, մարզման ընթացքում ինքնաթիռներից մեկը թռիչքի պատրաստվելիս արագություն էր հավաքում դարպասից մոտ 10-15 մետր հեռավորության վրա:

Նշվում է, որ Ջիբրալթար-Հայաստան հանդիպման օրը՝ խաղի ժամին, նախատեսված է առնվազն 2 թռիչք, ինչը սովորական երևույթ է տեղաբնակների համար:

Մարզադաշտի խոտածածկն արհեստական է, իսկ շրջակա տարածքում մշտապես ուժեղ քամի է: Խաղի օրն օդերևութաբանները խոստանում են անձրև:

Ջիբրալթար-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: