Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սուդան այցելությունից հետո պարզ է դարձել, որ Թուրքիան Կարմիր ծովի ափին, Սուդանի Սուակին կղզում նոր ռազմաբազա է կառուցելու:

Razm.info-ի փոխանցմամաբ, այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։

Նշվում է, որ այցի ընթացքում ներկայացվել է այն վայրը, որտեղ Թուրքիայի զինված ուժերը պետք է կառուցեն ռազմաբազան։ Նախատեսվում է կառուցել ռազմածովային ուժերի ռազմաբազա, սակայն նպատակ կա այն նաև ռազմաօդային և ցամաքային ուժերին ծառայեցնելու։

Բացի ռազմաբազայի կառուցումից, այս կղզում նախատեսվում է սկսել նաև վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ։

Ինչպես երևում է արբանյակային լուսանկարներից, այս կղզում մեծամասամբ քանդված շինություններ են դեռ 2002թ․-ից։

Նախատեսվում է կղզին զարգացնել նաև որպես առևտրային հարթակ։

Հիշեցնենք, որ 2017թ․ դեկտեմբերին Էրդողանի Սուդան այցից հետո, թուրքական «Թուրքիյե գազեթեսի» կայքը լուր տարածեց, թե այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը Էրդողանին կոչ է արել իրենց մոտ ռազմաբազա բացել: Սակայն այլ աղբյուրներից այս լուրը չհաստատվեց։

Նշենք, որ Թուրքիան ևս երկու երկրում՝ Կատարում և Սոմալիում արդեն ունի արտասահմանյան ռազմաբազաներ։