ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, Հռոմ կատարած այցի շրջանակում, նոյեմբերի 13-ին հանդիպել է Իտալիայի Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար Ռաֆայել Կանտոնեի հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հանդիպմանը քննարկվել են հակակոռուպցիոն քաղաքականությանը, կոռուպցիայի կանխարգելմանը, ինչպես նաև հակակոռուպցիոն մարմնի լավագույն մոդելին վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն անդրադարձել են նաև Իտալիայի հակակոռուպցիոն քաղաքականության փորձին ծանոթանալու նպատակով հայաստանյան պատվիրակության ճանաչողական այցի կազմակերպման հնարավորություններին, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերով համագործակցությունը զարգացնելուն ուղղված հարցերին:

Իտալացի գործընկերը հակակոռուպցիոն պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: