Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել հայտնի Սիլվա Համբարձումյանի դեմ զրպարտության համար՝ կարծելով, որ Համբարձումյանը պետք է հերքի և վճա­րի 2 միլիոն դրամ փոխհա­տուցում: Ըստ Քոչարյանի՝ զրպարտություն է այն, ինչ օրերս հայտարարել էր Համբարձումյանը մամուլի ասու­լիսում: Իսկ Համբարձումյանը հայտարարել էր, որ 2008թ-ին արաբների հետ խոշոր գործարքին չխանգա­րելու համար վճարել է Ռոբերտ Քոչարյանին էլ, Սերժ Սարգսյանին էլ:

Եվ ահա, Ռոբերտ Քոչարյանը զրպարտության համար դիմել է դատարան: Ի՞նչ է անելու Սիլվա Համբարձումյանը: Կարո՞ղ է նա ներկա­յացնել ապացույցներ, որ վճարել է և չի զրպարտում Քոչարյանին: Եթե ոչ, ապա կստացվի, որ Սիլվա Համբարձումյանն իր հայտարա­րություններով ստանձնել է հանրային բացասական դե­րակատարում և ստեղծում է, այսպես ասած, իրավիճա­ներ, որոնք ունենում են հա­կառակ էֆեկտ և «մաքրում» են նախկին համակարգը հա­սարակության կասկածնե­րից կամ համոզվածությու­նից, որ եղել է բարձր մա­կարդակով հովանավորվող կոռուպցիա և կաշառակե­րություն:

Իհարկե, եթե Համբարձումյանը չկարողանա ապացու­ցել իր հայտարարություննե­րը, դրանից հանրությունը չի փոխելու իր կարծիքն ու հա­մոզմունքները նախկինում իշխած համակարգի մասին, պարզապես այդ համոզ­մունքների, այսպես ասած, իրավական բազայի խնդիր­ներ են առաջանում, ինչը բարոյաքաղաքական ռեաբիլիտացիայի բազա է ստեղ­ծում այդ համակարգի կամ դրա առանձին սեգմենտների համար:

Այստեղ խնդրի առանցքը հենց այդ հանգա­մանքն է: Սրան զուգահեռ՝ հետաքրքիր է նաև մեկ այլ պարագա: Ռոբերտ Քոչարյանի դատի կողքին հետաքրքիր է Սերժ Սարգսյանի լռությունը: Ին­չո՞ւ Սարգսյանն էլ չի դիմել դատարան զրպարտությու­նից պաշտպանվելու համար: Սերժ Սարգսյանն արհամարհո՞ւմ է այդպիսի մեղադրանքները, թե նա փորձում է ցույց տալ, որ այդուհան­դերձ, ավելի հանդուրժող է, քան Ռոբերտ Քոչարյանը:

«Ընդհանրապես, Սերժ Սարգ­սյանը, իհարկե, աչքի է ընկել «հարված պահելու» կարողությամբ՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի: Դրա հիմքում թերևս այն է, որ Սարգսյանը մշտապես հաշվարկել է ավելի երկար, քան Քոչարյանը, ինչի շնորհիվ էլ այն պահերին, երբ թվացել է, որ Քոչարյանի հաղթանակը նրա նկատմամբ անխուսափելի էր, իրականում խաղն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով»,-գրում է թերթը: