Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է անում եվրոպական բանակ ստեղծել՝ արձագանքելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկին, որը վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհության առիթ դարձավ:

«Եթե մենք դիտարկենք անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունները, իսկապես կարևոր է, որ աշխատենք այն հեռանկարի շուրջ, որ մի օր կստեղծենք իրական, իսկական եվրոպական բանակ։ Միասնական եվրոպական բանակը ցույց կտա աշխարհին, որ եվրոպական երկրների միջև երբեք պատերազմ չի լինի», - ասել է Մերկելը՝ երեկ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

Անգելա Մերկելը նշել է, որ իր պատկերացմամբ՝ եվրոպական բանակը գործելու է ՆԱՏՕ-ին զուգահեռ և ենթարկվելու է Եվրոպայի անվտանգության խորհրդին, որը կենտրոնացնելու է աշխարհամասի պաշտպանական կառույցը: