Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները կլիցենզավորվեն: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Նախագծով, ՀՀ կառավարությունը կսահմանի սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և բալոնների պարբերական վկայագրման կարգը:

Կսահմանվեն նաև վերահսկողական մեխանիզմներ, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտողները վարչական պատասխանատվության կենթարկվեն:

Նախագծով ակնկալվում է ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման, բալոնների պարբերական վկայագրման և գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների գազավառելիքային սնման համակարգերի հերմետիկության ստուգման գործընթացների կարգավորում, ինչպես նաև այդ աշխատանքները կատարող անձնակազմերի որակավորման և գազավառելիքային համակարգով լրակազմված ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության բարձրացում: