ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր է հայտնաբերել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում։

Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ընկերությունում իրականացված հարկային համալիր ստուգման ընթացքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2016 և 2017թթ-ի ընթացքում հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ներառել է ակնհայտ կեղծ տվյալներ, ինչի արդյունքում մի քանի միլիարդ դրամի չափով պակաս է հաշվարկել հարկային պարտավորությունները:

Ընկերության թույլ տված չարաշահումների մասին են վկայում նաև գազի կորուստների, ինչպես նաև ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալների մասով կատարված համեմատական հետազոտությունների վերաբերյալ տվյալները:

Պարզվել է, որ բաշխման համակարգում կորուստների մեծությունը 2018թ-ի հունիս-հուլիս ամիսներին 2018թ-ի հունվար-մայիսի համեմատությամբ նվազել է միջին հաշվով 3 անգամից ավելի: Միաժամանակ, կատարված համեմատական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ավտոգազալցավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ-ներին) մատակարարված բնական գազի ծավալները հունիս-սեպտեմբեր ամիսներին 2018թ-ի առաջին հինգ ամիսների համեմատությամբ ավելացել են շեշտակի՝ մոտ 37 տոկոսով, որի դրսևորումները նույնպիսի համամասնությամբ միաժամանակ արձանագրվել են նաև ավտոգազալցավորման գործունեությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից սպառվող բնական գազի սպառման ծավալներում:

Վերոգրյալի հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի թույլ տված չարաշահումների հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը հստակեցնելու, ինչպես նաև բնական գազի սպառման ոլորտում կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու ուղղությամբ: