ՊՆ ռազմաբժշկական հաստատությունների բժիշկներն այսուհետ կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը: Նոյեմբերի 15-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել:

Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով ռազմաբժշկական ծառայության բնագավառում գիտական, հետազոտական ու կրթագիտական ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը և ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության համալրումը մասնագիտական և գործնական բարձր պատրաստվածությամբ մասնագետներով:

Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ օրենսդրական հիմք են ստանում մի շարք կարևոր դրույթներ:

Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին:

Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները համարվում են բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ: