Այսօր Ազգային ժողովի նիստում քվորում ապահովել հաջողվեց նիստի մեկնարկից միայն 30 րոպե հետո: Քվորում ապահովվեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի գրանցումից հետո:

«Բա որ Գալուստ Գրիգորիչն ասում էր՝ ծափ կտաք իմ գալուն»,- Սահակյանի՝ դահլիճ մտնելու պահին կեսկատակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ԱԺ-ում քվեարկության դրվեց «Պետական համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու նախագիծը: Նախագիծը չընդունվեց, քանի որ Գալուստ Սահակյանը չմասնակցեց քվեարկությանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բանավոր ճշտում կատարեց՝ «Գալուստ Գրիգորիչ, չե՞ք քվեարկում», ինչին ի պատասխան՝ պատգամավորն ասաց՝ «Ոչ»:

Նախագիծը չընդունվեց 51 կողմ, 1 ձեռնպահ քվեարկությամբ:

Տապալվեց նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Կրկին նույն պատկերն արձանագրվեց՝ 51 կողմ, 1 ձեռնպահ:

Նշենք, որ երկրորդ ընթերցմամբ ևս չընդունվեց նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: