ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում է, մասնակցում է քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը։ Նրան ուղեկցում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը, ներկա է նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։ Փաշինյանը շնորհավորեց մարտունեցիներին՝ համարելով օրը խորհրդանշական։ Ըստ նրա՝ Մարտունին միշտ էլ նշելու, տոնելու, հպարտանալու առիթ ունի, որովհետև մարտունեցիները ՀՀ բոլոր քաղաքացիների նման աչքի են ընկում իրենք ուժեղ կամքով ու աշխատասիրությամբ։

«Աչքի եք ընկնում հուսահատության հետ չհամակերպվելով, ուժով։ Բազմաթիվ մարտունեցիներ դժվարություններին հանդիման մեկնեցին արտագնա աշխատանքի, բայց գնում էին ոչ թե հեռանալու, այլ ՀՀ-ում մնալու, իրենց երկիրն ու թաղամասը շենացնելու համար։ Ուզում եմ այդ մարդկանց ու բոլորիդ շնորհակալություն հայտնել առաջին հերթին ձեր աշխատասիրության, հայրենասիրության, ուժի ու կամքի համար»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ Մարտունի քաղաքի 190-ամյակն աչքի է ընկնում նրանով, որ այսօր կերտվել է նոր Հայաստան, ինչը, ըստ նրա,  յուրաքանչյուր քաղաքացու հաղթանակն է։ Նրա համար նոր Հայաստանում առանցքային փոփոխությունն այն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի արդեն ՀՀ-ում իշխանություն է։ Վարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ հայերին շատ են քննադատել այն բանի համար, որ ՀՀ-ում 3 մլն նախագահ, 3 մլն վարչապետ ու նախարար կա, սակայն Փաշինյանը սա համարում է առավելություն։

«Այո´, վարչապետի կարգավիճակը մեկն է, բայց իր պատասխանատվությամբ 3 մլն-ի է, որովհետև նոր Հայաստանում վարչապետ լինելը վայելք չէ, այլ պատասխանատվություն է։ ՀՀ-ում 3 մլն վարչապետ կա, ու սա լուրջ գնահատանք է, ձեզանից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետն է, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնակի պատասխանատվություն է կրում երկրի համար»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց՝ ՀՀ-ում կատարվող ամեն փոփոխության կախված է քաղաքացուց։ Նա հիշեցրեց, որ հեղափոխություն տեղի է ունեցավ այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին այդ որոշումը կայացրեց։ Փաշինյանի գնահատմամբ՝ եկել է պատասխանատվության ժամը։

«Օրինակ՝ ընտրություններին դուք մեկ ձայն ունեք, ես էլ մեկ ձայն ունեմ, նախարարն ու մարզպետն էլ մեկ ձայն ունեն, և ընտրությանն ամեն մի ձայնի ճակատագիր որոշելիս ամեն մեկը պետք է զգա իր առանձնակի պատասխանատվությունը, որովհետև հիմա այն ժամանակները չեն, որ մարզպետը, միլպետը, ԱԱԾ պետը կամ ընտրակաշառք բաժանողը որոշում կայացնի։ Այլևս դուք եք կայացնելու որոշում, այդ որոշման պատասխանատվությունը պետք է զգաք։ Ձեր քվեն տալուց դուք որոշում եք այն երեխայի ճակատագիրը, որը դեռևս քվեարկելու իրավունք չունի»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։