ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կառավարության կողմից չի քննարկվել և չկա ֆիզիկական անձանց (այդ թվում` արտագնա աշխատանքի մեկնածների) եկամուտների հայտարարագրման և հարկման վերաբերյալ նախագիծ կամ հայեցակարգ:

«Հարկային համակարգի փոփոխությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել է գործող եկամտային հարկը 23% նվազեցնելու նախագիծ, որը առաջիկա տարիներին կհասնի 20%», - գրել է Մեսրոպ Առաքելյանը:

Ավելի վաղ «Ռադիոլուրը» գրել էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասել է, թե ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ից կարող է տրանսֆերտների հարկման մեխանիզմ ներդնել, ինչը ենթադրում է, որ դրսից եկամուտ ստացող քաղաքացին պարտավորվում է այն հայտարարագրել ու 23% եկամտային հարկ վճարել պետությանը:

Արտագնա աշխատողներին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններ քննարկվել են դեռևս 2015թ-ին. խոսքն այդ ժամանակ երկրի տարածքից դուրս շինարարական ու շինմոնտաժային աշխատանք կատարող ՀՀ քաղաքացիների երկամտահարկը ՀՀ բյուջե ուղղորդելու մասին էր: