Սաուդյան Արաբիայում ձերբակալվել են 11 արքայազներ, ովքեր դժգոհել են իշխանությունների այն որոշումից, ըստ որի, դադարեցվում է պետական բյուջեից թագավորական ընտանիքի ծախսերի մի մասի ֆինանսավորումը: Խոսքը, մասնավորապես, էլեկտրաէներգիայի, ջրի և այլ կոմունալ ծառայությունների դիմաց կատարվող պետական վճարումների մասին է:

«Ռոյթերզը» հաղորդում է, որ դժգոհ արքայազները հավաքվել են Էր-Ռիյադում գտնվող թագավորական պալատում՝ ներկայացնելու իրենց պահանջները: Նրանք հրաժարվել են ցրվել ու հեռանալ, ինչից հետո ձերբակալվել են և ուղարկվել բանտ: Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունները:

Սաուդյան արքայազների ձերբակալությունները հաջորդում են անցած նոյեմբերին այդ երկրում տեղի ունեցած զանգվածային ձերբակալություններին ու կալանավորումներին․ այդ օրերին մոտ 200 մարդ, այդ թվում իշխող ընտանիքի 11 անդամներ էին կալանավորվել՝ թագավորի զարմիկը, երկրի ազգային գվարդիայի նախարար-արքայազնը, ինչպես նաև 4 այլ նախարարներ և կառավարության 34 բարձրաստիճան պաշտոնյաներ:

Երկրի 81-ամյա թագավորը (նաև նրա կողմից ստեղծված կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը) ձերբակալվածներին մեղադրում էր պետական միջոցները մսխելու մեջ: Խոսքը մոտ 100 միլիարդ ամերիկյան դոլարի հասնող գումարի մասին է: Ձերբակալվածների մեծ մասը, ովքեր համաձայնել էին վերադարձնել յուրացրած միջոցները, ազատ էին արձակվել: