Նոյեմբերի 20-ին Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի` Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն այցի շրջանակներում տրվել է Թումոյի և INCO-ի միջև համատեղ գործընկերության ծրագրի մեկնարկը:

Հասարակական և բնապահպանական ստարտափերին աջակցություն տրամադրող և Փարիզում հիմնված SPRINT ցանցը (Start-up Paris Region International) աշխատելու է Ինժեներիայի և կիրառական գիտությունների Թումո-ԵՄ Convergence Center-ի հետ համատեղ` աջակցելով տեղական ստարտափներին:

Միջոցառման ընթացքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման ղեկավար Բեկոր Փափազյանը և INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարը ստորագրել են գործակցության պաշտոնական հուշագիր Թումոյի և INCO-ի միջև:

Ստորագրման պաշտոնական արարողությանը նախորդող խոսքում Բեկոր Փափազյանը նշել է.

«Խորհրդային միության ժամանակ Հայաստանը եղել է գիտության և տեխնոլոգիաների հենման կետ: Ես մեզ անվանում եմ «ամենագետ» հանրապետություն: Այստեղ` Թումոյում, այդ հիմքի վրա հենվելով, մենք շարունակում ենք աճել այնպիսի նախաձեռնություններով, ինչպիսին այսօրվա համագործակցությունն է INCO-ի հետ: Մեզ համար պատիվ է միանալ մի միջավայրի ստեղծմանը, որը կաջակցի Հայաստանի ապագայի սոցիալական և բնապահպանական նախաձեռնություններին»:

Փարիզի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսն ասել է.

«Ես բազմիցս լսել եմ Թումոյի մասին և վերջապես պատիվ ունեմ այցելելու այս հիասքանչ կենտրոնը: Ինչպես գիտեք` Թումո Փարիզը բոլորովին վերջերս` օրեր առաջ սկսեց իր աշխատանքը, և ես հույս ունեմ, որ այն կհաջողի նույնքան, որքան հաջողում է այստեղ: Հայաստանը հայտնի է թվային ոլորտում իր ներդրումներով: Իմ պաշտոնական առաքելությունն է Փարիզի շրջանը Եվրոպայի առաջին սմարթ կենտրոն դարձնելը: Այս համատեքստում մեր այսօրվա հուշագիրը մեծ դեր ունի»:

INCO-ի հիմնադիր տնօրեն Նիկոլա Ազարն իր հերթին հավելել է.

«Մենք ուզում ենք ավելի կայուն ապագա կառուցել և նախաձեռնողների մի սերունդ կրթել, որն ի վիճակի կլինի կառուցել այդ նոր աշխարհն ու հաղթահարել այժմ առկա սոցիալական և բնապահպանական մեծ խնդիրները: Թումոն և Հայաստանը լավագույն վայրն են դրա համար, քանի որ, ինչպես տեսնում եք, այստեղ է նոր սերունդը: Այստեղ են այն մարդիկ, ովքեր ստեղծելու են ապագայի կազմակերպությունները, ապագայի ստարտափները: Նրանք են կերտելու նոր աշխարհը, որն ավելի ներառուն և կենսակայուն կլինի»: