Շնորհակալ եմ և շնորհակալ լինել բայական միավորները պահանջում են ու՞մ, ինչի՞ն, ումի՞ց, ինչի՞ց հարցերին պատասխանող լրացումներ։ Այսինքն՝ մենք կարող ենք շնորհակալ լինել ինչպես մեկին, այնպես էլ մեկից։ Բերենք օրինակներ․

 - «Շնորհակալ ենք ծնողներին (ու՞մ) զգոնության համար»,

 - «Շնորհակալ եմ իմ բախտին (ինչի՞ն),որ այս ժամանակներում եմ լույս աշխարհ եկել»,

 - «Անչափ շնորհակալ եմ Աստծուց (ումի՞ց), որ ինձ անցկացրեց այդ փորձությունների միջով, երազելու հնարավորություն տվեց»,

 - «Շաբաթաթերթից (ինչի՞ց) շնորհակալ եմ, որովհետև նրա հարցազրույցից հետո տունս վերանորոգեցին»,

 - «Հեռացա՝ շնորհակալ լինելով այն կնոջը (ու՞մ), որն ասաց. «Հիշի՛ր, մարմնական ցավն անցողիկ է, հոգեկանը՝ ընդմիշտ տանջող»,

 - «Շնորհակալ եղանք թատրոնի տոմսավաճառից (ումի՞ց)»,

 - «Դուք պետք է շնորհակալ լինեք ճակատագրին (ինչի՞ն), որ Ձեզ պարգևել է այդպիսի արտաքին»,

 - «Հարկավոր էր շնորհակալ լինել ճակատագրից (ինչի՞ց). այս բոլորը նա հասկանում էր»։

Վերջին տարիներին պաշտոնական խոսքում և զանգվածային տեղեկատվության միջոցներում շնորհակալ եմ և շնորհակալ լինել միավորների հետ կիրառվում են հիմնականում տրական հոլովով լրացումներ (շնորհակալ եմ քեզ, զինվորին, ոստիկանությանը և այլն)։ Ինչպես տեսանք, կարելի է նաև շնորհակալ լինել քեզնից, զինվորից, ոստիկանությունից, քանի որ սովորական է բացառական հոլովի գործածությունը հոգեկան վիճակ, դրություն և համանման իմաստներ արտահայտող բայերի հետ (վախենալ, ձանձրանալ, սարսափել, զգուշանալ և այլն)։ Ուրեմն ինչպես որ խռովում, սարսափում ենք մեկից, այնպես էլ՝ գոհանում ենք մեկից, շնորհակալ լինում մեկից:

Այժմ անդրադառնանք շնորհակալություն հայտնել և շնորհակալություն միավորներին: Սրանք պահանջում են ու՞մ, ինչի՞ն հարցերին պատասխանող լրացումներ:

 - «Խորին շնորհակալություն եմ հայտնում իմ թեկնածությունն առաջադրած կազմակերպություններին և ընկերներին» (ու՞մ)։

 - «Հատուկ շնորհակալություն ենք հայտնում խմբագրությանը» (ինչի՞ն)։

 - «Շնորհակալություն ձեզ (ու՞մ), պարո՛ն Գևորգ, շնորհակալություն»:

Բացառական հոլովով լրացումների կիրառությունը սխալ է (շնորհակալություն հայտնել բարերարից)։ Այսպիսով՝

1. շնորհակալ եմ և շնորհակալ լինել բայերի հետ հավասարապես գործածել տրական և բացառական հոլովով լրացումներ (Շնորհակալ ենք ձեզ / ձեզնից, որ հետևում եք մեր խորհուրդներին),

2. շնորհակալություն հայտնել և շնորհակալություն միավորների հետ գործածել միայն տրական հոլովով լրացումներ (Շնորհակալություն ենք հայտնում / շնորհակալություն ձեզ համագործակցության համար)։