Մեքսիկայում լճի հատակին գտել են Տիեզերքի հնագույն «մոդելը»
Մեքսիկայում մի խումբ հնագետներ Իստակսիուատլ հրաբխի ստորոտին լճի հատակին քարե տաճար են հայտնաբերել, որը, հետազոտողների խոսքով, Տիեզերքի մոդելն է հնագույն ացտեկների պատկերացմամբ: Այս մասին հայտնում է sciencealert.com պորտալը:
Ծովի մակարդակից 4 հազար մետր բարձրությամբ հայտնաբերված օբյեկտը տարբեր չափերի քարերից է շարված: Գիտնականները նշում են, որ տաճարն այնպես է կառուցված, որպեսզի լճի ափին կանգնած դիտողի մոտ զգացողություն առաջանա, թե քարերը ոչ թե լճի հատակին են, այլ լողում են մակերեսին:
«Վիզուալ էֆեկտները, որոնք ջուրն է ստեղծում, և կառուցվածքում օգտագործված տարրերի առանձնահատկությունները վկայում են, որ մեր առջև Տիեզերքի մանրակերտն է հնագույն ացտեկների պատկերացումներով»,- ասում է հնագետ Իրիս Էրնանդեսը:
Նա նշել է, որ մոդելը պատկերում է աշխարհի ստեղծման մասին ացտեկների առասպելները: Դրանց համաձայն՝ հնում ցամաք չի եղել: Ծովահրեշ Սիպակտլին բնակվել է նախնադարյան օվկիանոսում, իսկ հետո աստվածները նրա իրանից ստեղծել են երկինքն ու հողը:
Տաճարի տարիքը դեռևս պետք է որոշեն, սակայն ոչ հեռվում գտնված իրերը դասվում են մեր թվականության 8-րդ դարին: