Վերջին տասնամյակում առցանց կրթության գաղափարը լայն տարածում է ստացել: ԱՄՆ Հայկական վիրտուալ համալսարանը նույնպես նախաձեռնել է նման մի աշխատանք հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորեցնելու համար: Համալսարանի հիմնադիրներից Ամերիկյան «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ և «Սինոփսիս-Արմենիա» ընկերության նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի խոսքով, այս նախագիծն այսօր ավելի քան 22 հազար անձանց օգնել է սովորելու հայերեն և ծանոթանալու հայոց պատմությանն և մշակույթին: Սովորողների 10 տոկոսը հայեր չեն: Նրանք հայերի հետ կապված են ընտանեկան կամ աշխատանքային հետաքրքրություններով: Իսկ 90 տոկոսը հայեր են՝ 97 երկրներից: Հայկական առցանց համալսարանն օգնում է հատկապես փոքր հայ համայնքներ ունեցող երկրներում բնակվող հայերին, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները ծանոթ լինեն հայ մշակույթին:

«Մեր նպատակը մեր լեզուն, մշակույթը, պատմությունը տարածելն է այնտեղ, որտեղ այն հասանելի չէ, որտեղ դպրոցներ չկան, և համայնքները միջոցներ չունեն՝ Վենեսուելայից մինչև Հոնկոնգ: Եվ մենք կարող ենք իրենց հասնել համացանցի միջոցով»:

Այսօր համալսարանն անցկացնում է հայոց լեզվի, պատմության և մշակույթի դասընթացներ յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, ինչպես նաև անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն և թուրքերեն: