«Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դատագենետիկական և քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննությունների իրականացման համար 128.6 մլն դրամի սարքավորումներ կգնվեն. գումարը կհատկացվի ուժային կառույցների տնտեսված միջոցներից: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում:

Մասնավորապես, դատագենետիկական փորձաքննությունների իրականացման «ԴՆԹ-ի հետազոտության, սեկվինացիայի և հատվածների հետազոտման մեթոդներով գենետիկական հետազոտության համակարգի» (Applied Biosystems 3500) միջոցով հնարավոր կլինի ՀՀ ազգային անվտագության ծառայությունում, ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, ինչպես նաև Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից քննվող քրեական գործերով հանցագործության վայրերում հայտնաբերված իրեղեն ապացույցների հետքերի նույնականացում գործով անցնող անձանց հետ:

Այն թույլ կտա նաև անձի նույնականացում անել ՀՀ զինված ուժերում կատարված հանցագործությունների` սպանություններ, սեռական հանցագործություններ, գողություների դեպքերում դեպքի վայրի հետքերով, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին՝ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ներմուծող անձի կամ անձանց նույնականացնել, ՀՀ դատարանների դատավորների որոշումների հիման վրա` հայրության, մայրության և արյունակցական կապի հաստատման փորձաքննություներ իրականացնել, նախկինում կատարված, չբացահայտված, առնվազն 10 տարվա վաղեմության քրեական գործերի բացահայտում, արտակարգ և պատերազմական իրավիճակներում անհայտ կորած, մասնատված մարմինների նույնականացնել (նախադեպը` Ապրիլյան քառօրյա պատերազմ), ՀՀ ոստիկանությանը՝ ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաև սեռական հանցագործությունների դեպքերում, տվյալների տրամադրել ՀՀ ոստիկանություն, որն էլ իր հերթին միջազգային հետախուզման նպատակով անհրաժեշտության դեպքում տվյալների տրամադրել Ինտերպոլի Կենտրոնական գրասենյակ, 1988-1994թթ-ի ընթացքում արցախա-ադրբեջանական զինված հակամարտության արդյունքում անհայտ դիակների անձի նույնականացնել՝ արտաշիրիմված ոսկրային հյուսվածքների միջոցով:

Քիմիկոտոքսիկոլոգիական փորձաքննությունների իրականացման համար անհրաժեշտ գազային քրոմատոգրաֆների միջոցով հնարավոր է իրավապահ կառույցներում քննվող քրեական գործերով ստացված կենսաբանական օբյեկտների` արյան, մեզի, մազի մեջ թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի քիչ քանակների հայտնաբերումը և քանակական որոշումը, որը խիստ անհրաժեշտ է օգտագործած նյութի դոզայի որոշման համար և հնարավորություն կտա պատասխանել վաղեմության հարցին, ՀՀ զինված ուժերում կատարված հանցագործությունների` սպանությունների, ինքնասպանությունների, սեռական հանցագործությունների ժամանակ անձի կողմից թմրանյութերի, հոգեմետ/հոգեներգործուն/ նյութերի օգտագորման փաստը հաստատելու համար:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաճախակի են ստացվում դեպքեր օտարերկրացի քաղաքացիների սահմանախախտումների, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի տեղափոխելու դեպքեր, որի համար անհրաժեշտություն է առաջանում թմրանյութերի և հոգեմետ նյութերի առավել ճշգրիտ, արագ փորձաքննության իրականացում և նույնականացում հայտնաբերված նյութերի հետ: Դիակի վերաբերյալ ստացված փորձաքննությունները բավականին տարատեսակ են (թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, դեղանյութեր, թունաքիմիկատներ, ալկոհոլ, ցնդող նյութեր, տեխնիկական նյութեր, նավթամթերք, կարբօքիհեմոգլոբին, ծանր մետաղների աղեր) և քանակը բավականին շատ (տարեկան 3000-ից ավելի փորձաքննություններ), որի արդյունավետ, արագ իրականացման, քանակական անալիզի համար, անհրաժեշտ է նոր ժամանակակից սարքավորումների ձեռքբերում, որի արդյունքները կօգնեն դատական բժիշկ փորձագետին ճշգրիտ եզրակացություն կազմելու համար,

Նշվում է նաև, որ հիվանդանոցային այնպիսի դեպքեր են տեղի ունենում, որի ժամանակ օգտագործված է լինում մեծ քանակությամբ դեղանյութեր, դրանց առկայությունը և քանակը, ստացված կենսաօբյեկտների` արյան, մեզի, մազի, եղունգների, ներքին օրգանների կտորների, ստամոքսի պարունակության մեջ, որոշելու համար բարձրակարգ սարքավորումների պակասը աշխատանքները դժվարացնում են, դանդաղեցնում, դեպքեր են լինում, որ հնարավոր չի լինում բոլոր դեղերը տարանջատել` բաժանել, դրա համար սարքավորումների ձեռքբերումը հնարավորություն կտա իրականացնել ներկայացվող պահանջները:

Արյան, մեզի, ներքին օրգանների, հատկապես մազերի և եղունգների մեջ նյութերը կուտակվում են հաճախ հետքային քանակությամբ` պիկոգրամներով, ֆեմտոգրամներով: Նման դեպքերում հնարավոր չէ հայտնաբերել հետքային քանակները` առկա սարքավորումների միջոցով:

Հայաստանում նկատվում է թմրանյութերի և հոգեմետ նյութերի, այդ թվում` նաև անօրինական պայմաններում պատրաստվող թմրանյութերի, հատկապես բենզինային խառնուրդների օգտագործման աճ, որն իրենից վտանգ է ներկայացնում ազգաբնակչության առողջության և կյանքի համար: Թմրամոլության տարածումը, նոր ուժեղ ներգործող դեղանյութերի սինթեզը, տարբեր տեսակի նյութերի սպեկտորի ընդլայնումը անհրաժեշտություն է ստեղծում միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումների ձեռքբերմանը: