Մոնղոլներին ԺԳ դարից (չինացիներին ավելի վաղ) հայտնի առաջին հրազեններն արդեն ԺԴ դարում վերաճեցին առաջին թնդանոթների: Իր ժամանակի համար ահասարսուռ զենքի այդ նոր տեսակի հայրենական արտադրության համար անհրաժեշտ էր ունենալ ոլորտի խորը գիտելիքներ, այլ խոսքով մետաղագործական բարձր մակարդակի մշակույթ:

Հայաստանում հայրենական արտադրության ձուլածո խոշոր առաջին զանգերի գոյության մասին վկայությունները ԺԳ դարից են, իսկ մինչև մեր օրերը հասած պահպանված նմուշները վերաբերում են ԺԴ դարասկզբին: Սա ցույց է տալիս, որ Հայաստանը ժամանակի այն սակավաթիվ երկրներից էր, որտեղ ամենաբարձր մակարդակի վրա էր գտնվում մետաղագործական մշակույթը. երկիր, որն ուներ սեփական հնոցներն ու այդ ոլորտի լրջագույն հմտություններով օժտված տեղացի վարպետները:

Արդ, ի՞նչ էինք արտադրում մենք նույնիսկ մոնղոլական արշավանքներից հետո գործող և բարձր մակարդակի վրա գտնվող մեր մետաղաձուլարաններում, օրինակ` ԺԴ դարի սկզբներին, երբ ի դեմս թուրքմենական կարակոյունլու և աքկոյունլու ցեղերի Հայրենիքը գտնվում էր հերթական օտարի` նոր նվաճման շեմին: Արդյո՞ք մեր հնոցներից դուրս եկան հայկական արտադրության առաջին թնդանոթները, որ դեմ պիտի կանգնեին թշնամուն ու ամոթահար փախստյան մատնեին նրանց Հայոց Հայրենիքից: Ո՛չ, հարգելիներս, այդ հնոցներից դուրս եկան զանգեր: Բացառիկ որակի և մեծության զանգեր, որոնց ձայնը ոսոխի ներխուժման պահին առ աստված փրկության ջերմեռանդ աղոթքի էր հրավիրում հայ մարդկանց...: Այո՛, թնդանոթի փոխարեն զանգ...: Դե, իսկ ԺԸ դարի վերջերից նույնիսկ զանգը` ներմուծել սկսեցինք...

Գրությանս կցում եմ ԺԴ դարի սկզբին այնպես հարկավոր թնդանոթի փոխարեն ձուլված Տաթևի զանգը, որը, կներեք, բայց անձամբ իմ մեջ ոչ թե` հպարտության, այլ միմիայն ափսոսանքի և ամոթի զգացումներ է առաջացնում...

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ՝ Սամվել Կարապետյան