Առողջապահության նախարարությունը և Արաբական Միացյալ Էմիրություններում առողջապահության ոլորտում գործող «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որով ամրագրվում են առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման, կահավորման և կառավարման ոլորտներում համագործակցության շրջանակները:

Նախարարությունը տեղեկացնում է, որ հուշագիրը կնպաստի ոլորտի զարգացմանը, ինչպես նաև կխթանի օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող նախագծերի ուղղությամբ:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը պարտավորվել են մշակել 2 երկրի միջև բժշկական տուրիզմի զարգացման կոնցեպտ և ներկայացնել քննարկման: Միաժամանակ, համատեղ կուրվագծվի և ոլորտում միջազգային ստանդարտների կիրառման և տեղայնացման վերաբերյալ ճանապարհային քարտեզ, որն իր մեջ կներառի կատարվող քայլերի նկարագրությունը, պահանջվող ռեսուրսները և իրականացման ժամկետները:

Նախքան հուշագրի ստորագրումը «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաիտ Ֆախուրին, նախագծման ոլորտի տնօրեն Քուսայ Աուատին և Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը քննարկել են բժշկական հաստատությունների կառուցման ստանդարտները, հավատարմագրային կառավարման մասին ընկերության տեսլականը, բժշկական կահույքի և սարքավորումների մատակարարման և օտարերկրյա ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցերը: