Նոյեմբերի 23-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Արդարադատության ակադեմիայի շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց դիպլոմներ հանձնելուն: Օրենքով սահմանված կարգով՝ այս խմբում ընդգրկված ունկնդիրների մասնագիտական պատրաստումն անցկացվել է 2018թ-ի ապրիլի 2-ից նոյեմբերի 6-ը, ներառյալ 3 ամիս տևողությամբ փորձաշրջանը:

Տոնական հանդիսությանը մասնակցում էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներ, հյուրեր: Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնել է 36 շրջանավարտի, նրանց մի մասն էլ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի համապատասխան հրամաններով, նշանակվեցին քննիչի պաշտոնում:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, դիմելով շրջանավարտներին, շնորհավորել է նրանց և ներկայացրել քննիչի աշխատանքի դժվարությունները:

«Քննիչի մասնագիտության համար դիպլոմավորված մասնագետ լինելը, իրավական գիտելիքներ ունենալը շատ քիչ է: Իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար քննիչը պետք է օժտված լինի բարոյահոգեբանական մի շարք հատկանիշներով և շարունակական ինքնակրթությամբ զբաղվելու ունակությամբ»,- նշել է Հայկ Գրիգորյանը:

Միջոցառման ավարտին նորանշանակ քննիչները նաև հանդիսավորությամբ երդվեցին: