Նոյեմբերի 17-ից 23-ը Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողությունների ընթացքում վիրավորվել է 5 թուրք ուժային: Թուրքիայի ԶՈւ ԳՇ տվյալներով՝ նշված ժամանակահատվածում թուրքական զինուժը զինծառայողներ չի կորցրել: Թուրք-քրդական բախումների վիճակագրությունը տեղադրվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում:

Ըստ նույն աղբյուրի՝ թուրք ուժայինները «չեզոքացրել են» PKK-ի 26 զինյալի: Նշված ժամանակահատվածում քուրդ զինյալների դեմ գործողությունները հիմնականում իրականացվել են Դիարբեքիր, Մուշ, Բիթլիս, Թունջելի, Սղերթ (Սիիրթ) նահանգներում և Իրաքի հյուսիսային շրջաններում:

Թուրքիայի տարածքում թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքական կողմից ռազմական գործողություններին ներգրավված են բանակը, ժանդարմերիան, «գյուղական պահապանները», ոստիկանության հատուկ ուժերը: Բացի մարդկային կորուստներից, բախումների հետևանքով շատ են տուժել Թուրքիայի արևելյան և հարավարևելյան մի շարք բնակավայրեր: