Նոյեմբերի 28-ից Տավուշի մարզի Ազատամուտ համայնքը ժամանակավորապես կղեկավարի համայնքի ավագանու անդամ Վահագն Ալավերդյանը: Տավուշի մարզային դատախազը հոկտեմբերի 5-ին իր վարույթում քննվող քրեական գործում Ազատամուտի արդեն նախկին ղեկավար Ժորա Մարտիրոսյանին ներգրավել է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն երկրից չհեռանալու մասին խափանման միջոցը:

Հոկտեմբերի 8-ին Մարտիրոսյանի լիազորություններն արդեն դադարեցվել են. վերջինիս մեղադրանք է առաջադրվել ինքնիրավչություն կատարելու համար:

Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Ազատամուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Ալավերդյանը, իր նշանակումը եղել է նոյեմբերի 23-ին, իսկ պարտականությունները կկատարի այս ամսվա 28-ից: Նրա փոխանցմամբ՝ մոտ մեկ ամիս առաջ համայնքային ժողով է հրավիրվել, որի ընթացքում բնակիչները Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին առաջարկել են իր թեկնածությունը: Մարզպետը անձամբ է եկել համայնք՝ Ալավերդյանին ներկայացնելու: Ալավերդյանի հաղորդմամբ՝ պետական վերահսկողությունը հոկտեմբերի 10-30-ը ուսումնասիրել է համայնքի գործունեությունը և բազմաթիվ չարաշահումներ հայտնաբերել, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր: 

Վահագն Ալավերդյանը, որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իր առաջնային նպատակներից է համարում համայնքային մանկապարտեզի հիմնումը, անվճար ուսանողական տրանսպորտի շահագործումը, սպորտային դահլիճի կառուցումը, շենքերի տանիքների վերանորոգումը: