Վրաստանում այսօր առավոտյան բացվել են  ընտրական տեղամասերը՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար։

Առաջին փուլում նախագահի պաշտոնին հավակնում էին 25 թեկնածուներ, որոնցից ոչ մեկին չհաջողվեց ստանալ քվեարկածների կեսից ավելիի ձայները։ Երկրորդ փուլում նախագահ դառնալու համար պայքարում են երկու թեկնածուներ՝ Սալոմե Զուրաբիշվիլին ու Գրիգոր Վաշաձեն։

Անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին առաջին փուլում ստացել էր 38.6 տոկոս ձայներ, այնինչ նախագահ դառնալու համար անհրաժեշտ է ստանալ նվազագույնը 50 տոկոս ձայները։ Երկրորդ փուլ անցած Գրիգոր Վաշաձեն առաջին փուլում ստացել էր 37.74 տոկոս։

Հաղորդվում է, որ քվեաթերթիկները տպվել են վրացերեն, հայերեն ու ադրբեջաներեն լեզուներով։