ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարություններին և որակելով դրանք որպես «ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ»:

«Վարչապետի պաշտոնակատարի մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, ինչպես նաև ոտնահարում են մարդկային ու բարոյական մի շարք սկզբունքներ` օրինակ կնոջը թիրախավորելը: Այսպիսի վարքագիծը աննախադեպ է մեր քաղաքական մշակույթում, հատկապես` բարձրաստիճան պաշտոնատար անձի, այն էլ` մեր բոլորի անվտանգության ու բարեկեցության համար պատասխանատու վարչապետի կողմից:

Առիթ ունեցել ենք մեր հայտարարությամբ անդրադառնալ վարչապետի պաշտոնակատարի կողմից վարչական ռեսուրսի չարաշահմանը, որի մեկ ակնառու օրինակն էլ այն է, որ պաշտոնապես գտնվելով արձակուրդում, վարչապետի պաշտոնակատարը սպառնալիքներ էր հնչեցնում ընտրված պաշտոնյաների նկատմամբ, իսկ ոստիկանությանը ըստ էության տալիս էր պարտադիր կատարման հանձնարարականներ»,- ասվում է ՀՀԿ կենտրոնական նախընտրական շտաբի հայտարարության մեջ:

ՀՀԿ նախընտրական շտաբը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային դիտորդական առաքելությունների ուշադրությունն է հրավիրել «վարչապետի պաշտոնակատարի ելույթների, վարքագծի ու հռետորաբանության վրա»։

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն անդրադարձել է դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ՀՀԿ-ականներին:

«Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ, «շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաև ասել է.

«Այս ընտրություններին կա պատմական շատ կոնկրետ առաքելություն՝ ՀՀԿ-ականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը։ Ոչ մի ձայն Հանրապետականին», - հայտարարել է նա։