ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը կառուցողական քննարկում է ունեցել մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ։

Կայացել է նաև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը: Քննարկվել են օրակարգային հարցեր, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը և այլն: Օրակարգային մի շարք հարցերի շուրջ ստորագրվել են փաստաթղթեր:

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ելույթով: Նա վերահաստատել է, որ Հայաստանը հանձնառու է և շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման, այդ թվում՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Միաժամանակ նա նշել է, որ 2019թ. Հայաստանը ստանձնում է նախագահությունը ԵԱՏՄ-ում և պատրաստակամություն հայտնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերից մեկը հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում, 2019թ. ամռանը: