«Նոր սերունդ» ՀԿ-ն խտրականության դեպքերի փաստագրում է արել Հայաստանում ԼԳԲՏ անձանց շրջանում և այսօր ներկայացրեց «Խտրականության դեպքերի փաստագրում» 2018թ. զեկույցի տվյալները։ «Նոր սերունդ» ՀԿ-ի փաստաբան  Անահիտ Մկրտչյանն ասաց, որ այդ անձիք խտրականության են ենթարկվում տարբեր ոլորտներում՝ կրթություն, աշխատավայր, ՔԿՀ, բանակ, բնակարանների վարձակալության, ձեռքբերման ժամանակ նույնպես հանդիպում են խոչընդոտների։

«Որոշեցինք զեկույցը կազմել ԼԳԲՏ անձանց վարձով բնակարան տրամադրելու ոլորտում»,-  նշել է փաստաբանը։

Նրա ներկայացմամբ, համացանցում տարածված բնակարանի վարձակալության որևէ հայտարարությամբ զանգել են, ներկայացել որպես կազմակերպության անդամ, նշել, որ իրենց շահառուի համար տուն են ցանկանում վարձակալել, գրեթե բոլոր վարձատուներն էլ ասել են, որ ունեն բնակարան։

«Երբ ասել ենք, որ մեր շահառուն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է, սկսել են խուսափողական պատասխաններ, կտրուկ մերժել կամ անջատել հեռախոսը։ 50 տոկոս դեպքերում մերժել են, նաև խորհուրդներ են տվել՝ հայ եք, հային հարիր չէ, չենք պատրաստվում բնակարան տալ նման անձի, եթե նույնիսկ մեծ գումար առաջարկվի, նաև վիրավորանք է հնչել կազմակերպության հասցեին։ 30 տոկոսի դեպքում ասել են՝ կքննարկենք, կզանգենք, 20 տոկոս դեպքերում հենց այդ պահին առանց որևէ բան ասելու անջատել են հեռախոսը»,- ներկայացրել է Ա. Մկրտչյանը։

Նա նշել է, որ իրենց զեկույցի ամփոփման մեջ կան առաջարկություններ, սակայն գլխավոր առաջարկությունն այն է, որ ընդունվի խտրականության ոլորտին վերաբերող օրենք։

«Հայաստանում չկա խտրականության ոլորտը կարգավորղ օրենսդրություն, Սահմանադրության մեջ ունենք խտրականությունն արգելող հոդվածներ, սակայն դրանում նշված չէ սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը որպես հիմք և դրանով իսկ շատ դժվար է դառնում տվյալ անձանց պաշտպանության իրավունքը։ Առաջարկը հենց այդ օրենքի ընդունումն է։ Նախագիծը կա, հնարավոր է ընդունվի, սակայն  այլ հարց է, թե որպես խտրականության հիմք գոնե այդ օրենքում կնախատեսվի սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը թե ոչ, այլապես տվյալ օրենքի ընդունումն էլի ինչ-որ չափով կարելի է ասել իրավիճակ չի փոխի ԼԳԲՏ անձանց համար»,- ասել է Ա. Մկրտչյանը։