ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Հերմինե Նաղդալյանը տարածել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է․

«Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու ՀՀԿ համապետական և թիվ 12 տարածքային ցուցակում: Շնորհակալություն հայտնելով առաջադրման համար հայտարարում եմ, որ չեմ մասնակցելու ընտրությանը, սակայն որպես ՀՀԿ անդամ կնպաստեմ նրա հաջողությունը: Դա խորապես գիտակցված ու անձնական որոշում է և որևէ կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ: Օգտվելով առիթից իմ շնորհակալությունն եմ հայտնում բազմաթիվ համակիրներիս, որոնք այս օրերին թե ամբողջ հանրապետությունում և թե թիվ 12 ընտրատարածքում պատրաստվում էին ընդգրկվել իմ նախընտրական թիմում:

Հաջողություն եմ մաղթում 7-րդ գումարման Ազգային ժողովի ապագա պատգամավորներին, ուզում եմ, որ նրանց գործունեությունը լինի ի շահ պետության ու ժողովրդի` թե իշխանության, թե ընդդիմության դիրքերից: Ուզում եմ վստահ լինել, որ նրանք չեն սկսելու զրոյական կետից, այլ շարունակելու են անցած տասնամյակներում կուտակված խորհրդարանական պատմության ու փորձի լավագույն ավանդույթները, որոնց կայացման մեջ եղել է նաև իմ համեստ ներդրումը»: