Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ շատ լավ հիշողություններ ունի Հայաստան կատարած իր վերջին այցից։ Այդ մասին նա ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ:

Նա նշել է, որ հատկապես տպավորված է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնով, և այս պահին գերմանական կողմը քննարկում է համագործակցության հնարավորությունները։

«Հայաստանը Գերմանիան դիտարկում է որպես քաղաքական և տնտեսական կարևոր գործընկեր ու բարեկամ երկիր»,- ասել է նախագահ Սարգսյանը և նշել, որ ուրախ է կրկին հանդիպելու և շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ քննարկումները։ Նրա խոսքով՝ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում, որտեղ Հայաստանն ունի մեծ ներուժ:

«Մեր երկիրը կարող է հարթակ լինել տարբեր ստարտափների համար»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդման տեսանկյունից կարևորել են նաև մշակութային ու գիտակրթական ոլորտներում ձևավորված բավականին արդյունավետ համագործակցության ընդլայնումը։ Նրանք խոսել են նաև զբոսաշրջության ոլորտում գործակցության վերաբերյալ, ինչպես նաև մտքեր փոխանակել վիզաների ազատականացման հարցի շուրջ։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։

Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։