Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

«Համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ (ըստ «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրության 38-րդ կետի)՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տնօրեն Վիգեն Չալդրանյանի թիվ 55 հրամանով նշանակվել է Սուրեն Շահվերդյանը»,- նշված է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ:

2016թ-ի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 2017թ-ի դեկտեմբերին նա ընտրվել էր նաև «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Սուրեն Շահվերդյանը պայքարում էր նաև Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար, բայց թատրոնի տնօրենի որոշմամբ գեղարվեստական ղեկավար էր նշանակվել Կարեն Ներսիսյանը։