Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հինգշաբթի՝ նոյեմբերի 29-ին, հայտարարել է երկրում նվազագույն աշխատավարձի չափը 2,5 անգամ բարձրացնելու որոշման մասին: Այժմ Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կկազմի 4,5 հազար սուվերեն բոլիվար՝ նախկին 1,8 հազարի փոխարեն: Ընդ որում՝ հինգշաբթի օրվա դրությամբ «սև շուկայում» այդ գումարը համարժեք է 11 ԱՄՆ դոլարին:

«Դեկտեմբերի մեկից նվազագույն աշխատավարձի և թոշակի չափը կկազմի 4,5 հազար բոլիվար, և դա ավտոմատ կերպով նշանակում է աշխատավարձի բոլոր աղյուսակների ուղղում», - հայտարարել է Մադուրոն պետական հեռուստատեսության եթերում:

Ընթացիկ տարվա սեպտեմբերին Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է 60 անգամ՝ կազմելով 1800 սուվերեն բոլիվար կամ մեկ «պետրոյի» գնի կեսը: Հինգշաբթի նախագահը հայտարարել է, որ մեկ «պետրոյի» արժեքն ավելացել է 2,5 անգամ՝ կազմելով 9000 բոլիվար, ուստի ավտոմատ կերպով 2,5 անգամ բարձրացել է նաև նվազագույն աշխատավարձի չափը: