Նախօրեին Խորհրդարանում 23 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվել է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է «Արցախպրեսս»-ը։

Այն Խորհրդարանին է ներկայացրել ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանը՝ մանրամասնելով, որ օրենքի ընդունումը Սահմանադրության պահանջ է, և այն կկանոնակարգի դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունը:

«Գործող օրենքը ընդունվել է 2005թ-ին և կանոնակարգել է աշխատանքները դիվանագիտական ծառայության մեջ: Վերջին 13 տարիներին եղել են որոշակի զարգացումներ և, հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները, նպատակահարմար ենք գտել ներկայացնելու նոր օրենքի նախագիծ: Օրենքում կատարված փոփոխությունները միտված են ԱՀ մշտական ներկայացուցիչների նշանակման և ազատման, պաշտոնավարման ժամկետների կանոնակարգման, դիվանագիտական ծառայողների ատեստավորման կարգի, ինչպես նաև արտամրցութային կարգով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնները համալրման մեխանիզմների պարզեցմանը: Բացի դրանից, նոր օրենքում լրացումներ են կատարվել դիվանագետների վերապատրաստման ու դիվանագիտական պաշտոնից ազատման հիմքերի վերաբերյալ»,- ավելացրել է Մ. Մաիլյանը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Արզիկ Մխիթարյանը: