Այնպես է արվել, որ համայնքները լինեն փոքր, թույլ չզարգացող, և նրանք օգտագործվեն ընտրությանը իշխանություններին օգտագործելու, իշխանության վերարտադրություն ապահովելու համար: Աշտարակ քաղաքում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:

«Մենք գտնում ենք, որ համայնքները հնարավորինս շատ լիազորություններ պիտի ստանան, իսկ հիմա համայնքի ղեկավարներին լայն լիազորություններ չեն տվել, իսկ եղածները չեն կարողանում իրականացնել»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ տարիներով ընդունված է եղել, որ նշանակված մարզպետները հավաքվել են մի դահլիճում, սկսել են գոռգոռալ այդ մարդկանց վրա և հավաքել տեղական հարկերը՝ ասելով, որ լավ չեն աշխատում, այն դեպքում, երբ  մարզպետները մեկ ստորագրությամբ ազատվում են, իսկ համայնքի ղեկավարները ընտրվում են ժողովրդի կողմից: 

«Քաղաքական իմաստով դա արվում է ենթարկելու համար: Բայց, երբ նայում ենք, քաղաքական մասով նրանք ընդհանրապես որևէ հնարավորություն չեն ունեցել՝ որևէ խնդիր լուծելու տվյալ համայնքում: Դա կլինի աղբահանության, ջրագիծ անցկացնելու, լուսավորության, թե այլ խնդիր», ասաց նա:

Ըստ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի՝ համայնքի ղեկավարներն ընդհանրապես չեն կարողանում խնդիր լուծել:

«Մենք գտնում ենք, որ համայնքները պետք է ուժեղանան, դրա համար պետք է թուլանան մարզպետարանները․ հնարավորինս նվազեցվեն մարզպետների լիազորությունները, և ինչ-որ պահի նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում վերանայենք ընդհանրապես տարածքային կառավարումը»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ գուցե իրենց առաջարկը պոպուլյար չէ, բայց իրենք երբեք չեն պայքարել հետևանքների դեմ, նախընտրում են պայքարել պատճառների դեմ: Նկատեց, որ ՏԻՄ-ի հետ կապված խնդիրների արդյունքում գյուղերը դատարկվել են, համայնքները թուլացել են, իրենց վրա դրված պարտականությունները չեն կարողացել իրականացնել և դարձել են կենտրոնական իշխանություններից անընդհատ միջոցներ խնդրողներ:

«Մենք գալիս ենք այս խնդիրները լուծելու: Եթե մենք դա չառաջարկենք, կարող է հարմար լինել նաև այսօրվա իշխանությունների համար: Ու այդպես պահպանվի: Հետևաբար պետք է ունենանք այնպիսի ընդդիմություն, այնպիսի հակակշիռ խորհրդարանում, որ էական չի, թե քաղաքական առումով ինչն է հարմար իշխանությանը, այլ էական է, թե ինչն է հարմար հանրության համար: 

Եթե մենք չունենանք ուժեղ համայնք, չենք ունենա ուժեղ պետություն»,- ասաց նա՝ նշելով, որ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք,- այդ դեպքում մենք այլևս կարիք չենք ունենա հեղափոխությունների: Մենք ասում ենք, ժողովու՛րդ, ձևավորեք այնպիսի խորհրդարան, որ այլևս երբեք այն ցրելու կարիք չունենաք, ձևավորեք այնպիսի իշխանություն, որ այլևս երբեք ճանապարհներ փակելու, ցույցեր անելու, երկիրը տարատեսակ ցնցումների մեջ գցելու խնդիր չունենանք»,- ասաց նա: