ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իսրայելական ոստիկանության կողմից Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատողի կալանավորմանը։

«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր», - գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս հետաքննություն է ընթանում, և հայկական կողմը սպասում է իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվության:

2017թ-ին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:

Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: