Այսօր Մոսկվայում 82 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող Անդրեյ Բիտովը:

Մասնագիտությամբ երկրաբան Բիտովը համարվում է ռուս գրականության պոստմոդերնիզմի հիմնադիրներից մեկը:

Բիտովը գրել է 1965թ-ից, սակայն նրա ստեղծագործությունների զգալի մասը լույս է տեսել միայն "պերեստրոյկայի" հռչակումից հետո:

Բիտովը հեղինակել է ավելի քան երեսուն ստեղծագործություն: 1988թ-ին մասնակցել է ռուսական ՊԵՆ ակումբի հիմնադրմանը և 1991թ-ին ընտրվել է ակումբի նախագահ: Նույն թվականին Բելա Ախմադուլինայի, Միխայիլ Ժվանեցկու և Յուզ Ալեշկովսկու հետ ստեղծել է "БаГаЖъ" ոչ պաշտոնական գրական միավորումը:

Անդրեյ Բիտովը պատմվածքների, էսեների, վիպակների և վեպերի հեղինակ է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է "Պուշկինի տունը" վեպը, որը 1978թ-ին հրատարակվել է ԱՄՆ-ում: 1990թ-ին այն Ֆրանսիայում ճանաչվել է "տարվա լավագույն օտարալեզու գիրք": Մեծ ճանաչում ունեն Բիտովի ճանապարհորդությունների արդյունքում ծնված հրապարակախոսական ակնարկները, այդ թվում "Հայաստանի դասերը" ստեղծագործությունը:

2014թ-ին Բիտովը և գիտության ու արվեստի բնագավառի մի շարք այլ անվանի գործիչներ դատապարտել են Ղրիմում Ռուսաստանի վարած քաղաքականությունը: