Բրյուսելում այսօր մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Ուկրաինայի և Վրաստանի անվտանգությունն ամրապնդելու, ռուսական ագրեսիային դիմակայելու հարցը:

Սա Հյուսիսատլանտյան դաշինքի առաջին հավաքն է Ազովի ծովում՝ Ղրիմի ափամերձ գոտում անցած շաբաթ տեղի ունեցած ընդհարումից հետո, երբ ռուսական կողմը կրակ էր բացել ուկրաինական երեք ռազմանավերի վրա և ձերբակալել տասնյակ ուկրաինացի նավաստիների:

Ռուսաստանի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին, այդուամենայնիվ, անորոշ է՝ կհամաձայնի արդյոք ՆԱՏՕ-ն ընդառաջել Կիևի խնդրանքին ու հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում: Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ՝ հավաքի նախօրեին շեշտել է՝ դաշինքը պատրաստ է շարունակել քաղաքական ու գործնական աջակցությունը, սակայն խուսափել է հստակ մանրամասներից ու խոստումներից:

Ուկրաինայից բացի Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է աջակցել նաև Վրաստանին: