«Ես մի քանի անգամ ներկայիս իշխանություններին մեղադրել եմ, որ նրանց՝ Արցախի հարցում վարած քաղաքականությունը հիմնված է մի բանի վրա՝ իշխանություն Արցախի փոխարեն»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

«Իշխանության գալուց հետո մեղադրանք ներկայացվեց ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Շատերին թվում էր, որ դա ուղղակի անփորձությունից է։ Ինձ համար դեռ այն ժամանակ ակնհայտ էր, որ սա քաղաքականության հետևանք է։ Արդյունքում Հայաստանը կորցրեց կարևորագույն այդ պաշտոնը։ Այն վիճակում, երբ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի,  դա ուղղակի սխալ էր։ Բոլոր խոսակցությունները, որ Հայաստանը կպահպանի այդ պաշտոնը, ստեր էին։ Տարածված վերին հայտարարությունը, որ հարցը հետաձգվել է, հետաձգվել է շատ պարզ պատճառով. Առայժմ համաձայնության չեն եկել՝ ՀՀ ներկայացուցչին փոխարինելու է բելառուս ներկայացուցիչը, թե շարունակելու է պաշտոնավարել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը»,- ասաց նա։

ԵԱՀԿ Մինսկի խմբում բանակցությունների վերաբերյալ

«Երբ եռանախագահողները հունիսի տասներեքին հանդիպեցին ՀՀ ղեկավարության  հետ, դրանից հետո իրենց հայտարարություններում խոսքը գնում է բացառապես բովանդակային բանակցությունների մասին։ Օրակարգի նման կորուստը չափազանց լուրջ, անշրջելի կորուստ է հայկական կողմի համար։ Այդ դեպքում ի՞նչ բովանդակային բանակցությունների մասին է խոսքը։ Այդ մասին գիտակցաբար, թե անգիտակցաբար բարձրաձայնել է վարչապետ Փաշինյանը՝ մասնավորապես ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթում։ Լուրջ նահանջ կա նախկին դիրքորոշումից, իսկ նախկինում դիրքորոշումը հետևյալն էր՝ կարգավիճակ տարածքների դիմաց»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Թրամփի՝ ՀՀ ղեկավարությանն ուղղված սեպտեմբերի քսանմեկի շնորհավորանքում ամրագրված է, որ ամիսներ անց սկսվելու են լուրջ գործընթացներ, իսկ ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթնի երևանյան հայտարարությունները վկայում են, որ գործընթացները գնում են անվտանգությունը կարգավիճակից տարանջատելու ճանապարհով։ Սա նշանակում է  շփման գծի փոփոխություն՝ ինչ-որ խոստումների դիմաց։

«Բանակցային գործընթացը հիմա այս բանաձևի  հիման վրա է, և ներկայիս կառավարությունն այսպես է փորձում բանակցել»,- ասաց բանախոսը։

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրին՝ Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը ևս նմանատիպ փաստաթղթի կնքման համար բանակցում է Եվրամիության հետ, ինչը խոշորագույն  պարտություն է Հայաստանի համար։

«Քանի դեռ փաստաթուղթը չի ստորագրվել, մի բան արեք, դեռ ժամանակ կա, փորձեք»,- իշխանություններին կոչ արեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն։

Դուշանբեում տեղի ունեցած հանդիպման մասին

Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ թեև այս հանդիպումն իշխանությունները ներկայացրեցին որպես նվաճում, սակայն դա ամենևին էլ այդպես չէր։

«Երկու հարց կարող էր Ադրբեջանի նախագահի հետ քննարկման առարկա լինել։ Առաջինը դա Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգն էր, և երկրորդ հարցը, որն ըստ իս կարող էր լինել, ռազմագերիների փոխանակման հարցն է։ Ես բավական մտահոգվեցի այդ հանդիպումից հետո, որովհետև Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ անդորր պահպանել։ Նման իրավիճակներում պետք  է մտածել ծուղակի մասին, կարճ ժամանակ անց ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ։ ՊՆ Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ Ադրբեջանը կառուցողական է դարձել, սակայն դրանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է «օկուպացված տարածքների» մասին։ Դրա ի՞նչն է կառուցողական»,- հարց ուղղեց հանրապետական գործիչը։

Շահնազարյանը շեշտեց՝ սկսած մայիս ամսից՝ Նախիջևանի հետ միջդիրքային տարածքն էապես կրճատվել է։

«Այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի քսանյոթից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այլ դիրքերի կենսունակությունը։ Ահա թե ինչի համար էր պետք ադրբեջանական կողմին Դուշանբեի պայմանավորվածությունները։ Գնդակոծվել են թե Զանգակատան, թե Արենիի տարածքները։ Սա իշխանության քննարկման համար տաբու է։ Իսկ ի՞նչ տեղի ուենցավ Արցախի և Ադրբեջանի շփման գծում։ Այստեղ ևս ադրբեջանական կողմից մեծ թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում, սահմանից 1300-1700  մետր հեռավորության վրա բլուրներ են կառուցվում, որոնց բարձրությունը 12-15 մետր է: Այս բլուրներն ունեն երկու նշանակություն՝ և հարձակվելու, և պաշտպանվելու, սակայն Ադրբեջանի դեպքում դրանք ունեն բացառապես հարձակողական նշանակություն»,- ասաց բանախոսը։

Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

ՀՀԿ պատգամավորության թեկնածուն ընդգծեց՝ Ալիևն Արցախի վրա հարձակում նախապատրաստում է Ադրբեջանի կողմից, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս Արցախի ղեկավարության դեմ հայտարարություններով՝ հարձակում սկսել է այս կողմից։ Սա, Շահնազարյանի խոսքով, քաղաքականություն է։

«Սասուն Միքայելյանի հայտարարությունը մտածված էր, և այն, որ վարչապետը սկսեց կրծքով պաշտպանել նրան, արդյունքում հասարակության մի մաս ևս սկսեց պաշտպանել Միքայելյանին։ Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպես զիջվեցին հակառակորդին, ով էր այդ հրամանատարներից մեկը, և ում էր ուզում Վազգեն Սարգսյանը գնդակահարել։ Թող այդ մանրամասները պատմի։ Ի՞նչ ստորաբաժանումներ էին, որ հետ վերադարձրեցին այդ դիրքերը։ Գործողությունն իրականացնում էր Ասկերանի գունդը, որին կցված էին այլ ստորաբաժանումներ, այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր»,- ասաց նա։

Շահնազարյանը աբսուրդ որակեց այն հայտարարությունները, որ քարորզարշավի ընթացքում Արցախի հարցը չպետք է արծարծվի։ ՀՀԿ գործիչն ընդգծեց՝ իրեն նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է Արցախին և Արցախի անվտանգությանը։

«Եթե վարչապետը համարում է, որ իմ ասած որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ բաց բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև այսօր ժամը 18:30։ Եթե նա այսօր չեկավ եթերի, և սկսեց խոսել իր ոճով, դա բացարձակ սուտ է լինելու։ Եթե նա չեկավ, դրանով իսկ կապացուցի, որ այն, ինչ այսօր հնչեց իմ կողմից, բացարձակ ճշմարտություն է»,- ասաց նա։