Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնությանը 60 օր է տվել 1987թ. ԱՄՆ և ԽՍՀՄ ղեկավարներ Ռոնալդ Ռեյգանի ու Միխայիլ Գորբաչովի կնքած «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար: Հակառակ դեպքում` Վաշինգտոնը սպառնում է լքել համաձայնագիրն ու նոր հրթիռներ ստեղծելու, փորձարկելու, տեղակայելու հնարավորություն ստանալ:

Ռուսաստանին նման վերջնագիր է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն այս մասին հայտարարել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո:

Պաշտոնյան ընդգծել է, որ Ռուսաստանը խախտում է համաձայնագրի պահանջները՝ ստեղծելով արգելված հրթիռներ:

«Հաշվի առնելով այս փաստերը՝ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ Ռուսաստանը խախտել է համաձայնագրի կանոնները: Եվ եթե Ռուսաստանը 60 օրում չվերադառնա իր ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարմանը, մենք ևս կդադարեցնենք մեր պարտավորությունների կատարումը»,- ասել է Պոմպեոն:

ԱՄՆ-ի դիրքորոշումը գուժում է աշխարհում սպառազինման նոր խոշոր մրցավազք, ինչն առաջին հերթին լուրջ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի համար: Հայտնի է, որ հիշյալ համաձայնագրի շնորհիվ միջուկային մարտագլխիկներով հրթիռները երեք տասնամյակից ավելի չեն տեղակայվել Եվրոպայի տարածքում:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Պոմպեոյի հայտարարությունը, նշել է, որ Մոսկվան հետևում է  համաձայնագրի բոլոր պահանջներին:

«Եվ ամերիկյան կողմն այդ մասին գիտի»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս կգա «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» համաձայնագրից:

Փորձագետներն ահազանգել են, որ ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում  կսկսվի 1980-ական թվականներից ի վեր միջուկային սպառազինության ոլորտում ամենալուրջ ճգնաժամը:

Հայտնի է, որ պատմական համաձայնագրի շրջանակում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը պարտավորվել են ոչնչացնել գործողության միջին և փոքր շառավղով բալիստիկ ու թևավոր հրթիռներն ու այլևս չզբաղվել դրանց արտադրությամբ: