Իսրայելցի հնագետները Թել-Ավիվից ոչ հեռու հայտնաբերել են նախապատմական բնակավայր, որը նրանք կոչել են «դրախտային անկյուն»՝ կես միլիոն տարի առաջ այնտեղ ապրած որսորդ-հավաքորդների համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Պեղումների վայրում՝ կենդանացած մայրուղու և իսրայելական արաբներով բնակեցված Ջալջուլիա փոքրիկ քաղաքի միջև հայտնաբերել են հարյուրավոր կայծքարե կացիններ և այլ կենցաղային իրեր: Փորձագետների խոսքով՝ այս տեղում ժամանակին փոքրիկ գետակ է հոսել, եղել է առատ բուսականություն, և շատ կենդանիներ են եղել, ինչն էլ նախապատմական մարդկանց համար կյանքի իդեալական պայմաններ է ստեղծել:

Թել-Ավիվի համալսարանի հնագիտության ամբիոնի ղեկավար Րան Բարականը նշել է, որ այս բնակավայրը զարմանալիորեն լավ է պահպանվել:

«Այն ժամանակի մարդկանց համար սա եղել է յուրատեսակ մի դրախտ, նրանք մշտապես վերադարձել են այստեղ: Գետակը հարևան բլուրներից այստեղ է բերել կայծքարի կտորներ, որոնցից տեղացիները կարողացել են հենց տեղում դանակներ և կացիններ պատրաստել: Գետակը նաև վայրի կենդանիների է բերել, որոնք էլ հենց որս էին դառնում, ապա նաև՝ կերակուր: Այստեղ եղել է այն ամենը, ինչ պետք է եղել նախապատմական մարդուն»,-ասել է նա: