ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Շահնազարյանը Ազգային անվտանգության ծառայություն չի գնա։ Նա նշել է, որ չի պատրաստվում մեկնաբանել ԱԱԾ հայտարարությունը։ Այս մասին հայտնում է Պանորամա-ն։

«Ես լրագրողներին ժամը 14։00-ին հրավիրում եմ Հանրապետական կուսակցության գրասենյակ, որտեղ  հանդես կգամ հայտարարությամբ։ Անկեղծ ասած, ես պատրաստվում էի այսօր ժամը 13։00-ին գնալ, բայց քանի որ ԱԱԾ-ն որոշեց դա հրապարկայնորեն անել, ես արդեն չեմ գնա, ժամանակ չունեմ, ավելի լավ է լրագրողների հետ շփվեմ»,- ասել է Շահնազարյանը։

Հարցին, թե կներկայացնի՞ այն նյութերը, որոնք պատրաստվում էր տրամադրել Ազգային անվտանգության ծառայությանը, Դավիթ Շահնազարյանն արձագանքել է.

«Ես ԱԱԾ-ին ոչ մի բան չեմ պատրաստվում ներկայացնել բացարձակապես։ Եկեք պարզ կլինի ամեն ինչ»։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն այսօր տեղեկացրել է, Դավիթ Շահնազարյանը գրությամբ դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենք՝ հաղորդման կապակցությամբ, ըստ էության, բացատրություն տալու և այն հիմնավորող փաստաթղթեր և այլ նյութեր ներկայացնելու համար:

Դավիթ Շահնազարյանը Սասուն Միքայելյանի հայտարարությունը մեկնաբանելիս ասել էր.

«...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ»։