Երևանի նոր տոնածառի շուրջ աղմուկը, դժգոհություններն ու դրանց արձագանքները չեն դադարում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության, «Առաքելություն» կուսակցության անդամ Դավիթ Խաչատրյանը որոշ մանրամասներ է հրապարակել տոնածառի չափերի, գումարի ու հին տոնածառի համար կատարվող ծախսերի վերաբերյալ։

«Երևանի քաղաքապետարանը 2005թ-ից հետո ձեռք է բերել նոր տոնածառ, որը մի քանի օրից կզարդարի Հանրապետության հրապարակը։ Տոնածառն ունի 35+2 մետր բարձրություն (12 հարկանի շենքի բարձրություն չափ), ստորին հատվածի տրամագիծը` 14,4 մետր, 200 կմ ընդհանուր երկարությամբ լուսավորման շղթա, զարդարված 1500 խաղալիքներով։ Նոր տոնածառն իր աննախադեպ շքեղությամբ կզարմացնի ոչ միայն մեր քաղաքացիներին և մանուկներին, այլև Երևան ժամանած զբոսաշրջիկներին, ավելին, նոր տոնածառը իր գեղեցկությամբ կլինի տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մայրաքաղաքներում տեղադրվող տոնածառերի Top-երում։ Այն չի լինելու ամենամյա բնական կտրված եղևնիներից։

Նոր տոնածառը պատրաստված է բարձր որակի նյութից, ինչը թույլ կտա օգտագործել այն տասնյակ տարիներ, որոնց ընթացքում չի կորցնի իր տեսքը, փայլը և որակական հատկանիշները։ Տոնածառի դիզայնի, լուծումների, շքեղության ու գեղեցկության մասին գրելն ավելորդ է. լույսերը վառելու արարողության ժամանակ կտեսնենք բոլորս, կարծում եմ, որ անդրադարձ կլինի նաև միջազգային մամուլի կողմից»,- արտաքին տեսքի մասին խոսել է ավագանու անդամը։ Անդրադառնալով գնին, Խաչատրյանը տեղեկացրել է, որ այն ձեռք է բերվել իրական գնից ավելի ցածր արժեքով։

«Նոր տոնածառի արժեքը կազմում է մոտ 103 մլն դրամ, ինչը քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ձեռք բերել 71 մլն դրամով, որի մեջ մտնում է տեղափոխման և մոնտաժման աշխատանքները։ Համեմատության համար նշեմ, որ նախկին տոնածառի համար ամեն տարի մրցութային կարգով գնվել են հարյուրավոր նոր կտրված բնական եղևնիներ, ինչն արժեցել է տարեկան մոտ 25 մլն դրամ, իսկ եղևնիները, բնականաբար, վերջում թափվել են։ Նշենք նաև, որ նոր տոնածառի համար քաղաքային բյուջեից չեն կատարվել լրացուցիչ հատկացումներ, այլև գնվել է Երևան 2800 ամյակի համար նախկին իշխանությունների կողմից հաստատված բյուջեից նոր իշխանության ջանքերով տնտեսած մոտ 700 մլն դրամի հաշվին, և, որ ամենահատկանշականն է, հաջորդ տարիներին տոնածառի համար չի կատարվի և ոչ մի լրացուցիչ ծախս»,- նշել է նա։