«Հայաստանի հանրապետական կուսակցության» քարոզարշավին առավել ակտիվ մասնակցում են Արմեն Աշոտյանը, Մենուա Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովն ու Արփինե Հովհաննիսյանը․ նրանք մասնակցում են հեռուստաբանավեճերի ու առցանց տիրույթում «մարտերի», կրկնօրինակում են Փաշինյանի՝ լայն տարածում ստացած ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումների հնարքն ու անում են ամեն ինչ կուսակցությունը առնվազն համացանցային հանրույթի ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ներկայացնում ենք նրանց հայտարարագրերը։

Կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ համար, սեփական խոսքերով՝ ՀՀԿ «հարձակվող» Մենուա Հարությունյանը, հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ, ունեցել է $135 000, 10 մլն դրամ, 3.5 մլն ռուսական ռուբլի:

Նրա եկամուտները գոյացել են «Հարությունյան-Մեդիա» ՍՊԸ-ից տրվող 1.8 մլն դրամ աշխատավարձից: Հարությունյանն ունի երկու բնակարան Կենտրոնում, մեկը՝ Ամիրյան 3/20 հասցեում, մակերեսը՝ 72 քմ, մյուսը՝ Բաղրամյան 55/37 հասցեում, մակերեսը՝ 54 քմ, ինչպես նաև մեկ ավտոտնակ: Նա ունի 50%-ական բաժնեմաս «Վիրտուալ-Մեդիա» և «Մարդաչափ» ՍՊԸ-ներում:

Համամասնական ցուցակի 5-րդ համար Արմեն Աշոտյանը իր դրամական միջոցների հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 23 մլն դրամ և $90 000: Սակայն Աշոտյանը 4 բանկից, ընդհանուր առմամբ, 18 մլն դրամի և 50 000 եվրոյի վարկ է վերցրել: Իսկ եկամուտներն 2017թ-ի նոյեմբերից մինչև 2018թ-ի նոյեմբերը գոյացել են Երևանի պետական բժշկական համալսարանից տրվող աշխատավարձից՝ 241 000 դրամ, և ԱԺ-ից ստացվող աշխատավարձից՝ 8.5 մլն դրամ: Աշոտյանը նաև անշարժ գույք է օտարել՝ 43 մլն դրամով։

ՀՀԿ փոխնախագահն ունի երկու բնակարան Կենտրոնում. մեկը գտնվում է Պուշկինի 36 հասցեում, կազմում է 174 քմ, իսկ մյուսը՝ Մաշտոցի պողոտա 16 հասցեում՝ 223 քմ:

ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 6-րդ համար Էդուարդ Շարմազանովն իր դրամական միջոցների հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 77,7 մլն դրամ: Նրա եկամուտները գոյացել են ԱԺ-ից՝ 9.7 մլն դրամ, ԵՊՀ-ից՝ 531 000 դրամ, և ԵՊՄՀ-ից՝ 402,000 դրամ: Շարմազանովը Նվեր Սաֆարյան 12 հասցեում ունի 0.1 հա հողատարածք:

Հատկանշական է, որ պատգամավորի նշված երեք թեկնածուն հայտարարագրով որևէ շարժական գույք չունեն:

ՀՀԿ-ի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանը չի հայտարարագրել անշարժ գույք: Նա 2017թ-ին Mini Cooper է գնել:

Հայտարարագիրը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 2 մլն դրամ: Նրա եկամուտները գոյացել են ԵՊՀ-ից և ԱԺ-ից տրվող աշխատավարձերից. համապատասխանաբար՝ 1 177 մլն դրամ և 9 914 մլն դրամ: