ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի 3-րդ համար Դավիթ Շահնազարյանի՝ Արցախի դեմ դավադրության մեջ լինելու մեղադրանքներին ասել է, որ պետական դավաճանության մասին հայատարարողը և այդ հանցագործության մասին չհաղորդողը շառլատան է:

«Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ: Այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ Հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն: Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է», - ասել է նա:

Ավելի վաղ Շահնազարյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է կանչվել: