Մենք ենք քեզ անցկացրել. փաստաթղթերը ցույց կտանք, չի կարելի դեմագոգիայով զբաղվել: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարեց ԲՀԿ ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջին համար Էդմոն Մարուքյանին:

«Որ դու պատգամավոր էիր ընտրվում, ո՞վ էր քեզ աջակցում: Գևորգին ճանաչո՞ւմ ես, ով քո քարոզարշավն էր անում, որ պետք է գայիր Գագիկ Ծառուկյանի մոտ, ասեցին՝ թղթերդ պատրաստ ա»,- ասաց Գագիկ Ծառուկյանը, որի հայտարարությանն ի պատասխան Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրեն առաջարկել են գնալ Գագիկ Ծառուկյանի մոտ, բայց ինքը մերժել է:

Բանավեճի ժամանակ Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանին հարց ուղեց, թե որն է իր մոտիվացիան նոր քաղաքական համակարգում շարունակել քաղաքականությունում լինել:

«Բազմիցս հայտարարել եք, որ Ձեզ պաշտոն պետք չէ, որ ուզում եք՝ ժողովուրդը լավ ապրի: Փակել էիք քաղաքական էջը և վերադարձաք, երբ «Ելք» դաշինքը կարող էր շատ ձայներ հավաքել և լուրջ դերակատարում ունենալ, բայց Ծառուկյանի վերադարձով դա չստացվեց: 2000-ականներից Ձեր գլխավորած ուժը եղել է երկրորդը խորհրդարանում: Հիմա նոր քաղաքական համակարգում բիզնեսի և քաղաքականության տարանջատումը լինելո՞ւ է, թե՞ ոչ: Մենք բիզնեսը պաշտպանելու ենք, ի՞նչ կարիք կա մտնել խորհրդարան»,- հարցրեց Էդմոն Մարուքյանը:

Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Ես պաշտպանվելու կարիք չունեմ, դու պաշտպանի քեզ, քո կուսակիցներին, քեզ հովանավորողներին»։

Գ. Ծառուկյանը նշեց, որ ինքը քաղաքականություն չի մտել որոշ քաղաքական ուժերի պես պաշտոնի անցնելու, ճանաչված լինելու համար:

«Բոլորը գիտեն, թե ես որտեղից եմ սկսել և այսօր ինչ եմ դառել, ինչ եմ ուզում: Ես ոչ թե ճարտար խոսում եմ, այլ գործով ապացուցում եմ: Ես ամեն ինչ ունեմ, հասել եմ աշխատանքով, սովորական աշխատողի ընտանիքից: Այսօր մի ծաղիկով գարուն չի գա: Մարդը, եթե կարող է օգտակար լինել պետությանը, ժողովրդին: Ես ուզում եմ, որ կարողանանք օգտագործել իմ կապերը, ես պատրաստ եմ դրան: Պարոն Ծառուկյանը մի անգամ գնաց Բելգիա, այնտեղից 80 պատգամավոր բերեց: Ես դրանով չեմ ապրում, ես ուզում եմ պիտանի լինել»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նա կարող էր այդ ամենն անել առանց մանդատի: Է. Մարուքյանը նաև բարձրացրեց Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը մենաշնորհային դիրք տալու հարցը։

ԲՀԿ ղեկավարը պատասխանեց.

««Շանգրի Լա»-ի մասով հայտարարվել է, ով կարող է ՀՀ-ում 100 մլն դոլարի ներդրում անել: «Շանգրի Լա»-ն այսօր ամսական տալիս է 1 մլն դոլար, իսկ Ծաղկաձորի կազինոն վճարում է 20 մլն դոլար»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:

Ապա Ծառուկյանը Մարուքյանին հարցրեց, թե ինչ է արել կյանքում։ Վերջինս էլ արձագանքեց, թե ինքը կլասիկ պատգամավոր է։

«Ես քո կլասիկ ցավը տանեմ...»,- ասաց Ծառուկյանը։