Դեկտեմբերի 6-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող մի շարք ընկերությունների կողմից որպես պետությանը պատճառված վնաս վերականգնվել է մոտ 600 մլն դրամ:

Հանրապետության տարբեր մարզերում և մայրաքաղաքի վարչական շրջանում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերևույթ թույլ են տրվել չարաշահումներ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։

Մասնավորապես՝ տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները, առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու, մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով, հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Դեպքերի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում ներկայումս քննվում է 26 քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է: