«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում 150-160 աշխատակից կկրճատվի: Այդ մասին հայտարարել է էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Պաշտոնանկություններ, կառուցվածքային փոփոխություններ բոլոր ընկերություններում լինում են: Այս պահին ամենաակտիվ աշխատանքները «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում» են տեղի ունենում», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա հավելել է, որ արդեն նոր տնօրեն է ընտրվել:

«Շուտով նաև հաստիքացուցակը կներկայացնենք, որտեղ նախատեսվում է մոտ 150-160 աշխատակցի կրճատում, որոնք, կարելի է ասել, այդքան էլ զբաղված չէին բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հիմնական գործունեությամբ», - ասել է նա:

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ հաստիքային աշխատակցիներին զուգահեռ կա նաև արտահաստիքային 90 պայմանագրային աշխատող.

«Ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատակիցներ, ինչո՞ւ ենք արտահաստիքային 90 աշխատակից պահում»:

Բաղրամյանը նաև հավելել է, որ հաստիքի օպտիմալացման արդյունքում այն աշխատակիցիները, որոնք չեն զբաղվում ԲԷՑ հիմնական գործունեությամբ, այնտեղ այլևս չեն աշխատելու: