ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների կողմից իշխանությունը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մասով քրեական գործ է հարուցվել։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հատուկ նշանակության վաշտի հատուկ նշանակության դասակի ռազմական ոստիկան-վարորդը, ով հետագայում նույն զորամասում նշանակվել է որպես պահպանության և սպասարկման վաշտի պահպանության և սպասարկման դասակի ռազմական ոստիկան, շուրջ 14 տարի՝ 2004թ-ի դեկտեմբերի 14-ից մինչև 2018թ-ի մայիսի 17-ը, չի հաճախել աշխատանքի և չի կատարել աշխատանքային իր պարտականությունները։

Փոխարենը, վերջինս անձնական վարորդի ծառայություններ է մատուցել «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Լ.Սարգսյանին: Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձինք, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առերևույթ չարաշահել են պաշտոնեական դիրքը՝ համապատասխան ընթացք չեն տվել զինծառայողի աշխատանքի չհաճախելու հանգամանքին, ավելին՝ նրան վճարվել է աշխատավարձ, փոխհատուցվել արձակուրդի գումարը, իսկ 2018թ-ի մայիսի 17-ին հատկացվել արձակման նպաստ՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու հիմքով պահեստազոր արձակվելու կապակցությամբ:

Քննության արդյունքներով ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով, առգրավվել են քրեական գործով կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր: