ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեական հեղինակություն համարվող, «Բոգո» մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանին, վերջինիս որդուն և քենակալին՝ բռնությամբ զուգորդված ինքնիրավչության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նրանք քաղաքացուց պահանջել են 10.000 դոլար՝ 100.000 դրամի փոխարեն։

«Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացի Ա.Առաքելյանը զբաղվել է մասնավոր ուղևորափոխադրումներով և ավտոմեքենա ձեռք բերել Ռուբեն Կոստանյանից։ Մասնավորապես՝ բանավոր պայմանավորվածության համաձայն՝ վարել է վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի՝ 4000 ԱՄՆ դոլար արժողության ավտոմեքենան՝ տարաժամկետ վճարման պայմանով, սակայն երկու ամսվա գումարը, որն ընդհանուր առմամբ կազմել է 100 000 դրամ, չի կարողացել վճարել։ Ենթադրաբար պատճառված նյութական վնասի փոխհատուցումը դատական կարգով ստանալու փոխարեն 2017թ-ի սեպտեմբերի 5-ին բռնություն է գործադրվել Առաքելյանի նկատմամբ՝ պահանջելով 10 000 ԱՄՆ դոլար որպես վնասի փոխհատուցում։ Հետագայում Առաքելյանը քենակալի միջոցով Կոստանյանին մաս-մաս փոխանցել է մոտ 5 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։

Քննությամբ պարզվել է, որ բռնությամբ զուգորդված ինքնիրավչությանը մասնակցություն են ունեցել Կոստանյանը, որդին և քենակալը, որոնց էլ առաջադրվել է մեղադրանք։ Հայտնում է Փաստ․ինֆո-ն։