ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չեն լուծել կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ այդ պաշտոնը ստանձնելու է Բելառուսի ներկայացուցիչը:

«Ոչ, հարցը չի լուծվել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ այդ թեման արծարծվել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ տեղի են ունեցել ԵՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ Պեսկովի, Լուկաշենկոն է նախաձեռնել այդ հարցի արծարծումը ԵՏՄ գագաթնաժողովում, թեև այն չէր ներառված օրակարգում:

«Դա նորմալ է՝ ցանկացած երկրի ղեկավար կարող է բարձրացնել այն հարցերը, որոնք հարկ է համարում»,- ասել է նա:

Սակայն, ըստ Պեսկովի, այդ պահին բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ անդամ ոչ բոլոր երկրների ղեկավարներն են եղել, այդ թեմայով խոսակցությունը շարունակվել է ավելի ուշ ԱՊՀ գագաթնաժողովում:

«Աշխատանքը կշարունակվի»,- ասել է Պեսկովը: