Ինգուշեթիայի և Չեչնիայի իշխանությունները պայմանավորվել են վերացնել երկու հանրապետությունների միջև սահմանի պահակակետերը: Այս մասին հայտարարել է Ինգուշեթիայի նախագահ Յունուս-Բեկ Եվկուրովը՝ ընդգծելով, որ այդ քայլով ինքն ու Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը «ցանկանում են օրինակ ծառայել Հյուսիսային Կովկասի բոլոր շրջաններին»:

Նախօրեին Ռուսաստանի Սահմանադրական դատարանը օրինական է ճանաչել Դաշնության մեջ մտնող այդ երկու հանրապետությունների միջև սահմանների մասին աղմկահարույց համաձայնագիրը: Փաստաթղթի օրինականությունը ստուգելու խնդրանքով Դաշնության բարձրագույն դատական մարմին էր դիմել Ինգուշեթիայի ղեկավարը:

Բողոքի ալիք բարձրացրած և զանգվածային աննախադեպ ցույցերի տեղիք տված վիճահարույց համաձայնագիրը, ըստ ինգուշների, բավարարում է միայն Չեչնիայի տարածքային պահանջները, որն ավելի քան երկու տասնամյակի պատմություն ունի:

Խորհրդային Միության փլուզումից հետո սահմանակից երկու հանրապետությունները չեն կարողանում կիսել մասնավորապես Սունժայի շրջանը: Ինգուշեթիայի և Չեչնիայի սահմանի պահակակետերի վերացումը, ըստ իշխանությունների, կնպաստի հարևան ժողովուրդների միջև ավելի սերտ շփումներին: