Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը առաջարկել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին կազմակերպել «հերթական գնահատողական առաքելությունը Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական արտգործնախարարության հաղորդագրությունը:

Մամեդյարովը Գրեմինգերի հետ զրույցում ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով վերջին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումները «օգտակար էին, այդ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում շարունակել ինտենսիվ արդյունավետ բանակցությունները գոյություն ունեցող ձևաչափով»: